ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Սևանա լճից հավելյալ ջրառը պետք է բացառել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը։ Ասվում է, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է ուղարկել Ջրային կոմիտե Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ` հիմնավորելով, որ նույնիսկ նախատեսված 170 մլն խորամարդ մետր ջրառի դեպքում Սևանա լճի մակարդակի տարեկան փոփոխությունը կլինի բացասական։
Նշենք, որ հուլիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Սևանա լճից լրացուցիչ բաց կթողնվի մինչև 70 միլիոն խորանարդ մետր ջուր, ընդհանուր ջրառը կկազմի մինչև 240 միլիոն խորանարդ մետր։
«Չնայած հանձնաժողովի բացասական եզրակացությանը՝ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը՝ առանց հրավիրելու հանձնաժողովի նախագահին Ազգային ժողով, չլսելով մասնագիտական փաստարկները, այդպիսով խախտելով «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված ընթացակարգը։ Մեզ համար խիստ մտահոգիչ է այս գործելաոճը»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հուլիսի 7-ին հրավիրել է արտահերթ նիստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ՝ քննարկելու օրինագիծը։
Հանձնաժողովը նշել է, որ Ջրային կոմիտեի ներկայացրած տվյալները ճշգրտման կարիք ունեն։
«Ջրային կոմիտեն հաշվարկել էր տարվա կտրվածքով 521 միլիոն խ/մ ջրապահանջ, սակայն հանձնաժողովը հաշվարկել է, որ ջրապահանջը կազմում է 390 միլիոն խ/մ և Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չկա։ Բացի այդ, Ջրային կոմիտեն ոռոգման ենթակա տարածքները մի դեպքում ներկայացրել է 31,3 հազար հա, մյուս դեպքում՝ 30,4։ Տարբերությունը մոտ 1000 հա է։ Ջրային կոմիտեի հաշվարկով՝ յուրաքանչյուր հեկտարի համար օգտագործվում է 16,6 խմ ջուր, ստացվում է ընդհանուր շուրջ 16 միլիոն խ/մ ջուր։ Հողատարածքի տվյալները ճշգրիտ չլինելու պարագայում 16 միլիոն խ/մ լրացուցիչ ջուր ապարդյուն է դուրս բերվելու լճից, ինչն անընդունելի է»,– ասված է հաղորդագրությունում։
Փորձագիտական հանձնաժողովը խոսել է նաև հետևանքների մասին` նշելով, որ Սևանի մակարդակի տատանումները հանգեցնելու են լճի էկոլոգիական վիճակի վատթարացման։
«Երկրում սակավաջրություն հայտարարելու դեպքում պետք է հաշվի առնել, որ Սևանա լճի համար ևս սակավաջրություն է։ Սևանն իր էկոլոգիական վիճակով այլևս չի կարող ջրառաջարկ ապահովել։ «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի գաղափարախոսության համաձայն՝ ջրառաջարկն է ձևավորում ջրապահանջ, սակայն մեզանում հակառակ տրամաբանությունն է գործում».– ասում են փորձագետները։
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով ստեղծված անկախ և մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմին է։ Հանձնաժողովն իրականացնում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերի (հաշվետվությունների), ինչպես նաև դրանց իրականացումն ապահովող փաստաթղթերի նախնական և ամփոփիչ փորձաքննություններ և տալիս է եզրակացություններ։