ՄԻԵԴ–ը վերահաստատել է` Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անձանց տեղաշարժը

ՄԻԵԴ
Իր որոշման մեջ դատարանը վկայակոչել է իր` 2022 թ դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 12-ին վերահաստատել է, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով հիվանդների տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ–ը, ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը, որոշել է վերահաստատել իր՝ 2022 թ դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ` ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը։
Հիշեցնենք` այս տարվա փետրվարի 22-ին հայտնի դարձավ ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ըստ այդ որոշման` Ադրբեջանը, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պարտավոր է իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել Հայաստանի կողմից ներկայացված «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։ Ավելին` ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։