ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանը արժանացել է «Գրան Պրի» մրցանակի Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում անցկացված «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում, տեղեկացնում են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից։
Մրցույթին այս տարի մասնակցում էր 15 երկիր։
Առաջին մրցութային օրը Մաշան կատարեց Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկու խոսքերով «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարեց Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակեց 135 միավոր ու արժանացավ «Գրան Պրի» մրցանակի: Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։
«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների միջև, իսկ 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։
Իսկ հուլիսի 12-14-ը տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։
Հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով երկու մրցութային օրերին վաստակելով 133 միավոր՝ արժանացավ երկրորդ մրցանակի։ Մեր պատվիրակն այդ հորիզոնականը կիսեց Ռուսաստանի մասնակցի հետ:
«Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթի գլխավոր մրցանակին՝ «Գրան Պրիին» արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչը, իսկ առաջին մրցանակին՝ Բելառուսի։ Մրցույթի 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներին։