ԿԳՄՍՆ–ն բուհերին առաջարկում է խոշորացման հայեցակարգեր ներկայացնել

Մանկավարժական համալսարան. Արխիվային լուսանկար
2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին կոչ է անում ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ` բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Ըստ կրթական գերատեսչության` բուհերը կարող են խոշորացվել և միավորվել գիտահետազոտական կազմակերպությունների հետ 6 ուղղությամբ` դասական, որում ներառվելու են հիմնականում հիմնարար գիտությունները, կրթական, որում ներառվելու են կրթական և հարակից գիտությունների բնագավառներում կրթական և գիտահետազոտական ծրագրերը, բժշկական, տեխնոլոգիական, արվեստների և սպայական:
«Բուհերի խոշորացման գործընթացը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվեն և կգործեն այդ հաստատությունների մեծ մասը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հայեցակարգային առաջարկներն ընդունելու է մինչև 2024 թ. փետրվարի 15-ը:
ԿԳՄՍ–ն ակնկալվում է, որ այս ընթացքում մասնագիտական քննարկումներ կլինեն, որոնց ավարտին նախարարություն կներկայացնեն խոշորացված բուհի առաջարկ, որը կներառի խոշորացվող բուհերի և միացող գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը, դրանց կառուցվածքը, կառավարման համակարգը, իրականացվող կրթական ծրագրերն ու գիտահետազոտական ուղղությունները, ինչպես նաև պլան-ժամանակացույցը, կարողունակությունների զարգացման ծրագրերի անհրաժեշտ ցանկը և հնարավոր գործընկեր միջազգային կազմակերպությունների ցուցակը:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին: Բացի այդ, կկրկնապատկվեն խոշորացված նոր բուհերի անձնակազմի աշխատավարձերը, էականորեն կվերանայվեն դասախոսների աշխատանքի կառուցվածքը:
«Կլաստերներում ուսանողների, ակադեմիական և օժանդակ անձնակազմի համար ապահովվելու են կեցության մատչելի և արժանապատիվ պայմաններ կամ բնակարանի ձեռք բերման արտոնություններ, ինչպես նաև կամպուսները հագեցած են լինելու կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ակտիվ և առողջ ժամանցի ենթակառուցվածքներով և թիրախային խմբի համար դրանցից օգտվելու հատուկ պայմաններով»,– վստահեցնում են ԿԳՄՍ–ից:
Առանձին պետական ֆինանսավորում կտրամադրվի գիտական հետազոտությունների և մշակումների համալիր ծրագրերին, քանի որ խոշորացման արդյունքում համալսարանական կլաստերներն ունենալու են համապատասխան հետազոտությունների և մշակումների համար նյութատեխնիկական ամբողջական համալիր:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։