ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Նախորդ շաբաթ Երևան քաղաքում նախատեսվածից 7.2 տոկոսով քիչ հասարակական տրանսպորտ է դուրս եկել երթուղի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ է ամեն շաբաթ նույն խնդիրն առաջանում։ Հովհաննես Մանուկյանը բացատրեց` խնդիրը արձակուրդային սեզոնն է, բացի դրանից, շատ վարորդներ կան, որ այս պահին աշխատանքի դուրս չեն գալիս առողջական խնդիրների պատճառով (անաշխատունակության թերթիկ ունեն)։
Նշենք, որ նախորդ շաբաթ Երևան քաղաքում նախատեսվածից 7.7 տոկոսով քիչ հասարակական տրանսպորտ է դուրս եկել երթուղի։
«Հիմա մենք վարորդների հավաքագրում ենք անում։ Օգոստոսի 1–ից ծանրաբեռնվածություն ենք ունենալու, նոր երթուղիներ են ավելանալու, բայց երբ հավաքագրումը լինի ու վարորդների կազմը համալրվի, այս տոկոսը կնվազի»,– նշեց Հովհաննես Մանուկյանը։
Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ երթուղի դուրս չեկած տրանսպորտային միջոցների ցուցանիշը չպետք է գերազանցի 3 տոկոսը: