ՀՀ փոխվարչապետն ու ԱԶԲ պաշտոնյանները քննարկել են Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցումը

Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին
Զրուցակիցները հատուկ անդրադարձ են արել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խաչատրյանը հանդիպում է անցկացրել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, և այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը:
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենը վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:
ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են Հյուսիս–հարավ ճանապարհի ծրագիրը