ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները, որը գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի հուլիսի 18-ին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը:
Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ: Միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:
Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:
«Առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերի: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել»,- ասել է Փաշայանը:
Հիշեցնենք` 2023 թ.–ին Հայաստանի Հանրապետության բուհերն ունեցել են 14450 դիմորդ։ 2022 թ.–ի համեմատ այս թիվը աճել է 562–ով։ Անցած տարի դիմորդների թիվը 13888 էր։