Հայաստանի թիմը մեդալներ է նվաճել Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 10-17-ն առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ:
«Արծաթե մեդալի է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սաներ Արեգ Բարսեղյանը, Մարիա Առաքելյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Թիմը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի ուսուցիչներ Բիլոր Կուրղինյանը և Հրանտ Թոփչյանը։
Օլիմպիադան անցկացվել է փորձնական և տեսական փուլերով։
Հիշեցնենք, որ «Ֆիզիկա» առարկայի նախորդ՝ 52-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի։