Եգիպտոսի գյուղերից մեկում մարդիկ վարակվել են անհայտ հիվանդությամբ

Լաբորատորիա
Մարդիկ բողոքում են բարձր ջերմությունից, գլխացավից և հոգնածությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Եգիպտոսի ԶՊԾ-ները հայտնում են Կահիրեից հարավ գտնվող Քենա նահանգի Էլ Ալիքաթ գյուղի բնակիչների շրջանում տարածվող անհայտ հիվանդության մասին: Երկրի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բուժող բրիգադներ է ուղարկել դեպքի վայր հիվանդներից և շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Cairo24–ը և մի շարք այլ եգիպտական ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել էին, որ Էլ Ալիքաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է խորհրդավոր հիվանդությամբ: ԶԼՄ-ները ենթադրել են, որ դա կարող է Դենգե տենդի բռնկում լինել։
«Առողջապահության և բնակչության նախարարությունը հետևում է մի շարք քաղաքացիների մոտ հիվանդության նույնատիպ ախտանշանների ի հայտ գալու հետ բողոքներին։ Կանխարգելիչ և բուժական բժշկության ու համաճարակաբանական հսկողության բրիգադներ են ուղարկվել տեղեկությունն ուսումնասիրելու և հիվանդներից ու շրջակա միջավայրի օբյեկտներից նմուշներ վերցնելու համար»,-ասված է Եգիպտոսի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության համաձայն՝ հիվանդների մոտ նույնատիպ ախտանշաններն արտահայտվել են բարձր ջերմությամբ, ոսկորների ցավով և հոգնածությամբ։
«Դրանք շարունակվում են երեքից հինգ օր, այդ ախտանշաններն ընդհանուր են մի շարք տարածված հիվանդությունների համար, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը, գաստրոէնտերիտը և տենդը, որոնց դեպքում վարակը տարածվում է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում, և որոնք անցնում են հանգստանալու, ջերմիջեցնող դեղամիջոցներ և շատ հեղուկ խմելու շնորհիվ»,-նշել է նախարարությունը՝ հավելելով, որ էլ Ալիքաթում հիվանդների ախտանշանները մեղմ և միջին մակարդակի են, հոսպիտալացում չի պահանջվում:
Եգիպտոսի առողջապահության փոխնախարար Ամր Քանդիլը Sada el-Balad հեռուստաալիքին հայտնել է, որ մասնագետներն օրական երկու անգամ գյուղում թունաքիմիկատների փոշեցրում կիրականացնեն: Նա հավելել է, որ հետազոտության համար մոծակների և կեղտաջրերի նմուշներ են վերցրել:
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 322-ի