Ինչպես էլ այդ մարդուն վերաբերվեն Արցախում, Հայաստանում և Ադրբեջանում, մի բան ակնհայտ է՝ նա հրաշալի հասկանում էր ղարաբաղցիների ընդվզման պատճառները։ Ահա թե ինչ է գրել Վոլսկին «Պրավդա» թերթում զետեղված հոդվածում.
«Ինչո՞ւ մարդիկ բարձրացրին Հայաստանին միանալու հարցը։ Որովհետև նրանք տեսել էին, որ Ադրբեջանի նախկին ղեկավարությունը դեպի փակուղի էր տանում մարզը, ջանում էր կտրել հայերի բնական կապերը Հայաստանի հետ՝ մշակույթի, լեզվի բնագավառում, շատ որոշակի խոչընդոտներ էր հարուցում հայալեզու մտավորականների առջև։ Այս ամենն իրողություն է, այս ամենը ճշմարտություն է։ Տարբեր հանրապետություններ կատարած իմ ուղևորությունների ժամանակ ես երբեք չեմ հանդիպել մարդկանց ճակատագրի նկատմամբ այնքան արհամարհական վերաբերմունքի, որքան Լեռնային Ղարաբաղում»։
Երևի բոլորովին վատ չէր լինի, եթե Արկադի Վոլսկու այս գնահատականը հիշեին այն չակերտավոր «իրատեսները», որոնք շարունակ ուզում են համոզել մարդկանց, թե Հայաստանը պայծառ ապագա կունենար, եթե ժամանակին արցախցիները, ինչպես ասում են, «հանգիստ նստեին իրենց տեղները», և որ հիմա էլ Հայաստանում կա փայլուն ապագա, եթե ղարաբաղցիները լիովին ենթարկվեն Ադրբեջանի իշխանություններին։
Ախր Վոլսկու խոստովանությունը՝ երբեք չեմ հանդիպել մարդկանց ճակատագրի նկատմամբ այնքան արհամարհական վերաբերմունքի, որքան Լեռնային Ղարաբաղում, այն ժամանակների մասին է, երբ Արցախը գոնե ինքնավար մարզ էր, կարելի է միայն պատկերացնել, թե ինչպիսին կլինի Բաքվի վերաբերմունքը հիմա, եթե հայերը մնան Ադրբեջանի կազմում ընդհանրապես առանց որևէ կարգավիճակի, իսկ նրանց անվտանգության ենթադրյալ երաշխավորները շարունակեն դատարկ ու գեղեցիկ խոսակցությունները մարդու իրավունքների և համամարդկային արժեքների մասին այն դեպքում, երբ ղարաբաղցիները հանապազօրյա հացի խնդիր ունեն։
Այնուամենայնիվ շատ դժվար է հասկանալ, թե ինչու Միխայիլ Գորբաչովը հենց Արկադի Վոլսկուն գործուղեց Ղարաբաղ, չէ որ այդ մարդը տնտեսագետ էր և, ի դեպ, տարիներ անց՝ 1992 թվականից ի վեր 15 տարի շարունակ գլխավորեց արդյունաբերողների և ձեռնարկատերերի Ռուսաստանյան խորհուրդը։ Այո, դժվար է հասկանալ, թե ինչու նրան վստահվեց ազգամիջյան հարաբերությունների կարգավորման ոչ դյուրին գործը, եթե չլիներ մի հանգամանք՝ դեռ 1983 թվականին այն ժամանակվա կոմունիստ առաջնորդ Յուրի Անդրոպովը հանձնարարեց Արկադի Վոլսկուն մշակել Խորհրդային Միության ողջ կառուցվածքի արմատական բարեփոխման ծրագիրը։ Ահա թե ինչ է պատմել 2000-ականների սկզբին ինքը՝ Արկադի Վոլսկին.
«Մի օր ինձ իր մոտ կանչեց գլխավոր քարտուղար Անդրոպովը և ասաց. «Եկեք վերջապես հրաժարվենք երկրի՝ ազգային սկզբունքի վրա հիմնված բաժանումից։ Ներկայացրեք ինձ ձեր պատկերացումներն այն մասին, թե ինչպես կարելի է ձևավորել Խորհրդային Միությունում մի քանի տասնյակ նահանգներ, ելնելով բնակչության թվաքանակից, արտադրական նպատակահարմարությունից և այնպես, որ այդ նահանգներում դեր չխաղան գլխավոր ազգությունները, որոնց անուններով են կոչվում հիմա միութենական հանրապետությունները։ Նկարեք ԽՍՀՄ-ի նոր քարտեզը»։
Վոլսկու վկայությամբ, ակադեմիկոս Եվգենի Վելիխովի հետ միասին իրենք մշակեցին 15 տարբերակ, որոնցից ի վերջո ընտրվեց մեկը։ Ըստ այդ նախագծի, երկիրը բաժանվելու էր 41 նահանգի։ Քանզի այն ժամանակ երկրի բնակչությունը կազմում էր 270 միլիոն, յուրաքանչյուր նահանգում ապրելու էր մոտ 7 միլիոն մարդ։ Դա կհանգեցներ ապակենտրոնացման և առաջին հերթին երկու ամենամեծ հանրապետությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի դերի խիստ նվազեցման, ինչը շատ շահեկան էր հենց Հայաստանի նման փոքր հանրապետությունների համար։ Իհարկե, բոլորիս առաջին հերթին Հայաստանի տեղն է հետաքրքրում պետության նոր բաժանման դեպքում։ Ցավոք, այդ մասին ոչ մի կոնկրետ բան հնարավոր չի ասել՝ փաստաթուղթ չի մնացել։
Որոշ մասնագետներ նույնիսկ ենթադրություններ են հայտնում, որ այս ամենը բլեֆ է։ Սակայն ինքը՝ Վոլսկին ժամանակին ասել է. «Կյանքումս ունեմ երեք սկզբունք՝ ընկերներիս չեմ դավաճանում, կաշառք չեմ վերցնում և երբեք չեմ ստում։ Կարող եմ լռել, ինչ-որ բան մինչև վերջ չասել, բայց ակնհայտ սուտ՝ երբեք»։
Ինչու չիրականացավ Խորհրդային Միության բաժանման արմատական ծրագիրը։ Յուրի Անդրոպովը մահացավ։ Արդյոք այդ ծրագիրը կփրկեր խորհրդային տերությունը։ Բոլոր քաղաքագետներն ու մասնագետները միակարծիք են՝ իհարկե, չէր փրկի, որովհետև ժամանակին քանդվել են բոլոր կայսրությունները՝ հենց Ռուսաստանյանը, Բրիտանականը, Օսմանյանը, Ավստրոհունգարականը։
Եվ այնուամենայնիվ, համաձայնեք, այդ հարցը կշարունակի տանջել մեզ՝ եթե Խորհրդային Միությունը Ամերիկայի նման բաժանված լիներ նահանգների, ինչպես էր լուծվելու Ղարաբաղի հարցը։