Արցախում մնացած կենդանիների հետ մարդիկ ցամաք հացն էլ են կիսում. ֆոտոցուցահանդես Երևանում

«Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը
30 ֆոտոպատմություն, յուրաքանչյուրի հիմքում սեր ու հոգատարություն։ Շրջափակված Արցախում արված լուսանկարների ընտանի կենդանիների մի մասը որդեգրված են, մի մասը դեռ ապրում են համայնքի միջոցներով։ Նրանց կարիքների համար դրամահավաք կանցկացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի Դիանա Աբգարի անվան զբոսայգում այսօր բացվեց «Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը, որը պատմում է շրջափակված Արցախում մնացած ընտանի կենդանիների ու նրանց խնամող մարդկանց մասին, որոնք անկախ հումանիտար ճգնաժամից, չեն կորցնում իրենց մարդկային դեմքն ու տեր են կանգնում կենդանիներին, որոնց կյանքը թանկ է։
«Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը Երևանում
Ֆոտոնախագծի հեղինակը մասնագիտությամբ արևելագետ, արցախցի Նարինե Կարապետյանն է։
Նրա խոսքով` իր լուսանկարներում կարելի է տեսնել պատմություններ անկեղծ ընկերության, հավատարմության և մարդուն ճշմարիտ ծառայելու մասին։
«Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը Երևանում
«Ծնվելով Արցախում մինչև Արցախյան առաջին պատերազմը՝ ես պահում եմ հիշողություններ, որոնք լսել եմ բազում դժբախտություններ տեսած մարդկանցից, և ուրախության նշույլներ, որտեղ կան հավատարիմ չորքոտանի ընկերներ, որոնք սփոփում էին սիրտը հուսահատության ժամերին: Անցան տարիներ, և կրկին պատերազմ եղավ: Եվ նորից մարդն ու կենդանին տանում են ծանր ճակատագրի բեռը: Այս ֆոտոնախագիծը փորձ է պատմելու պատմություններ սիրո, հավատարմության և ծառայության մասին՝ շրջափակումից անդին: Սա պատմություն է բարության և հույսի, առանց պայմանականությունների սիրո մասին, որն այդքան պակասում է մեր անհանգիստ օրերում»,– ասում է շրջափակված Արցախում մնացած Նարինեն։
Նարինե Կարապետյանը. Արխիվային լուսանկար
Չնայած նրան, որ անձամբ իր ցուցահանդեսին նա ներկա չէր, այստեղ էին եկել Նարինեի ընկերներն ու աջակիցները։
Նարինեի մոտ ընկերուհի, լուսանկարիչ Էմմա Մարաշլյանն առաջիններից է, որ իմացել է ընկերուհու մտահղացման մասին ու աջակցել նրան։
Էմմա Մարաշլյանը ցուցահանդեսին
«Կես տարի առաջ Նարինեն ինձ ասաց գիտես` միայն մենք չէ, որ վատ վիճակում ենք, կենդանիներն էլ են վատ, և ես ուզում եմ խոսել այս մասին։ Իր համար լուսանկարչությունն ավելի շատ հոբբի է, բայց որոշեց իր ցուցահանդեսով օգնել կենդանիներին»,–ասաց Էմման։
Ցուցահանդեսին ներկա էր նաև «301. Իմաստության երկիր հիմնադրամ»-ի տնօրեն Գայանե Մանուկյանը, որը ևս օգնել է ցուցահանդեսի կայացմանը։ Նրա խոսքով` ֆոտոնախագծի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել Արցախի շրջափակման հիմնախնդրին և արցախցիների կյանքի դժվարություններին։
Գայանե Մանուկյանը ցուցահանդեսին
«Նույնիսկ այս իրավիճակում, արցախցին մնում է հավատարիմ ու անշահախնդիր սիրող, նվիրված ու հոգատար դրսում մնացած կենդանիների նկատմամբ»,–ասաց նա։
Ցուցահանդեսի մասնակիցները, ծանոթանալով լուսանկարների պատմություններին ու հերոսներին, կարող են նվիրատվություն անել «Վիվա» հիմնադրամի հաշվեհամարներին։
Եթե նվիրատվություններ հավաքվեն, դրանք կօգնեն կենդանիներին ապահովել դեղորայքով, ստերջացնել նրանց, հնարավորության դեպքում կբացվի անասնաբուժական կլինիկա։
2020 թվականին՝ պատերազմի ընթացքում, շատերը ստիպված էին բաժանվել իրենց սիրելի ընտանի կենդանիներից։ Չունենալով ապագայի հանդեպ հավատ` փախստական դարձած արցախցիների մի մասը չկարողացավ ընտանի կենդանիներին իրենց հետ տանել, կենդանիների մի մասի տերերն էլ զոհվեցին պատերազմում։
Արցախցի ակտիվիստներն իրենց ուժերով բացեցին ապաստարաններ և այժմ էլ շարունակում են շրջափակման պայմաններում խնամել, կերակրել, հոգ տանել կենդանիների մասին ՝ չնայած որ հենց նրանք օգնության և սննդի կարիք ունեն։
1 / 7

«Ծառայություն» ֆոտոցուցահանդեսը Երևանում

2 / 7

Բարեգործական ցուցահանդես Երևանում Արցախի կենդանիների համար

3 / 7

Նվիրատվություն անելու համար անհրաժեշտ է օգտվել նկարում պատկերված QR-կոդից

4 / 7

«Ծառայություն» բարեգործական ֆոտոցուցահանդեսը Երևանում

5 / 7

Ֆոտոցուցահանդեսի ժամանակ արցախցի կանայք ժինգյալով հաց էին թխում և հավաքված գումարը փոխանցում ֆոնդին

6 / 7

«Ծառայություն» բարեգործական ֆոտոցուցահանդեսը Երևանում

7 / 7

«Ծառայություն» բարեգործական ֆոտոցուցահանդեսը Երևանում