ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով պետք է գնալ ռազմավարական լուծումների: Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել մարզպետարանի 2022 թ գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
«Վարչապետը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է նոր ծրագրեր գեներացնել:
«Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ:
«Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է նա:
Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը վարչապետին տեղեկացրել է, որ 2018-2022 թթ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում:
Բացի այդ, 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ:
Նշվել է, որ 2023 թ հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ:
Ինչ վերաբերում է «Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին», ապա 2022 թ–ին կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021 թ–ի համեմատ 120 %-ով ավելի է:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021 թ պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: