ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Աղբատար չորս հավելյալ մեքենա շուտով կհասնեն ՀՀ և կսպասարկեն Երևանը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև նշեց, որ այս շաբաթ քննարկում կունենան` հասկանալու, թե ինչ վիճակ է մայրաքաղաքում ու հետագա զարգացման պլան կկազմեն։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։
«Ամեն ինչ արեցինք, որպեսզի աղբահանության խնդիրը չխորանա, այդ նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացրինք, սակայն այս պահին էլ վիճակը բարվոք չէ։ Հիմնական խնդիրը տեխնիկան է»,– նշեց նա։
Արեյանը հավելեց, որ աղբահանող մեքենաների պարկի տնօրենի հետ պայմանավորվել են, որ յուրաքանչյուր վնասված մեքենայի մասով վերականգման ժամկետ սահմանվի, որպեսզի հնարավոր լինի լիարժեք շարժակազմով սպասարկել քաղաքը։
Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ այն տեխնիկան, որ առկա է, ենթադրվում էր, որ առնվազն 10 տարի պետք է ծառայեր։
«Փչանալու ցուցանիշը մտահոգության տեղիք է տալիս. սա խոսում է տեխնիկայի որակի մասին և նաև, թե ինչպես են վարվում այդ տեխնիկայի հետ։ Սա արդեն ահազանգ է այն մասին, որ այս տեխնիկայով հեռու չենք գնալու»,– ընդգծեց նա։
Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը տեղեկացրեց, որ ամենօրյա ռեժիմով աղբահանություն է կատարել 63 աղբատար մեքենա, 496 սանիտարական մաքրման աշխատակիցներ շաբաթական 6 օր մաքրել են մայրաքաղաքի փողոցներն ու բակերը, գործի է դրվել 16 ջրցան մեքենա։