Ադրբեջանը խախտում է կոնվենցիոն պարտավորությունները. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով` Ադրբեջանն իր քայլերով խաթարում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Լաչինի միջանցքի վերաբերյալ կայացրած որոշմանը, որն Ադրբեջանը չի կատարում։

«Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարելով` խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- Twitter-ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վերահաստատել է իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։