ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վիտեբսկում մեկնարկած «Սլավյանսկի բազար» մրցույթի առաջին օրը Հայաստանը ներկայացնող Մաշա Մնջոյանը հավաքել է 66 միավոր և այս պահի դրությամբ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Մաշա Մնջոյանը կատարել է «Пообещайте мне любовь» երգը։
Հայ երգչուհուն առավելագույն՝ 10 միավոր գնահատեցին ժյուրիի 4 անդամներից Դմիտրի Մալիկովը, Էմիլիա Վալենտը, Էթերի Բերիաշվիլին և Մարիա Վերետենինան։
Իրինա Դորոֆեևան և Պուպոն Մաշային գնահատել են 9, իսկ Վոլֆգանգ Հայհելը՝ 8 միավոր։
Առաջին տեղում 69 միավորով Ղազախստանի ներկայացուցիչ Կուրալայ Մեյրամբեկն է։
Երգչուհին իր ելույթը տեղադրել է նաև ֆեյսբուքյան էջում, և կարելի է ենթադրել, որ նա դժգոհ է ժյուրիի գնահատականներից։
«Ես ունեմ իմ շատ «գեղեցիկ» կարծիքն այս ամենի մասին, բայց շատ հետաքրքիր են իմ հայրենակիցների կարծիքները ելույթիս ու նաև «ժուրիի» գնահատականների մասին»,-գրել է երգչուհին։
Հավելենք, որ մրցույթի առաջին օրը 15 մասնակիցները կատարել են սլավոնական հիթեր։