Իրանի խորհրդարանի նախագահը Ռուսաստանին կոչ է արել հարգել երկրի «կարմիր գծերը»

Մոհամադ Բաղեր Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ Իրանի համագործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա և համապատասխանում է պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից՝ ներառյալ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է Mehr-ը։
Ղալիբաֆի խոսքով՝ Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է իրանական երեք կղզիների վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (PGCC) համատեղ հայտարարության բովանդակությունը։
Իրանի համագործակցությունը բոլոր օրինական կառավարությունների հետ հիմնված է ազգային շահերի վրա և համապատասխանում է պատվի, նպատակահարմարության և իմաստության երեք սկզբունքներին:
Նա նաև նշել է, որ Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանում երկու կարևոր երկրներ են, որոնք զարգացնում և խթանում են համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ելնելով ընդհանուր շահերից։
Այնուամենայնիվ, Ռուսաստանը պետք է իմանա, որ Իրանի համագործակցությունն իր հարևանների հետ կախված է Իրանի ժողովրդի «կարմիր գծերի» պահպանումից, ներառյալ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Պարսից ծոցի երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ և Փոքր Թումբաների նկատմամբ, հիշեցրել է նա։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ինքն է Արևմուտքի և ՆԱՏՕ-ի «աշխարհաքաղաքական էքսպանսիոնիզմի» զոհը և չպետք է «օգնի Արևմուտքին ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը»։
Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանը Պարսից ծոցում կայունության միակ երաշխավորն է և կչեզոքացնի Արևմուտքի վտանգավոր ծրագրերն այս զգայուն տարածաշրջանում։
Պարսից ծոցի երեք կղզիները՝ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թունբաները պատմականորեն եղել են Իրանի մաս, ինչի ապացույցները կարելի է գտնել Իրանում և աշխարհի այլ մասերում անթիվ պատմական, իրավական և աշխարհագրական փաստաթղթերում:
Այնուամենայնիվ, Արաբական Միացյալ Էմիրությունները բազմիցս հավակնություններ են ներկայացրել կղզիներին:
Կղզիները բրիտանական վերահսկողության տակ են անցել 1921 թվականին, սակայն 1971 թվականի նոյեմբերի 30-ին՝ բրիտանական զորքերի տարածքը լքելու հաջորդ օրը և ԱՄԷ-ի՝ պաշտոնական դաշնություն դառնալուց ընդամենը երկու օր առաջ, Իրանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ վերականգնվեց։
Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարարը` Բաքվում
Հուլիսի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թվիթերում անդրադարձել է Ռուսաստանի և PGCC -ի համատեղ հայտարարությանը` ասելով, որ Թեհրանը չի մեղմացնի իր դիրքորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Մենք կոնֆլիկտի մեջ չենք մտնում որևէ կողմից Իրանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շուրջ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։