ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում

ԵՄ առաքելությունը. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական միջադեպերից հետո հավաքել է ստուգված տեղեկատվություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ամեն օր Եվրոպական Միության դիտորդները Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում մոտ 3800 կմ պարեկություն են իրականացնում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԵՄ առաքելության Twitter-յան էջը։
«Որպես ԵՄ քաղաքացիական անզեն առաքելություն՝ մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և միջադեպերից հետո հավաքել ստուգված տեղեկատվություն: Ինչպես, օրինակ, այս ուրբաթ՝ Երասխում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: