ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ո՛չ բանակցություններում կա, ո՛չ էլ փաստաթղթերում։ Քաջարանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նրա խոսքով` ինչպես պաշտոնական Երևանն է հերքում ու բացառում «Զանգեզուրի միջանցքի» լինելը, այնպես էլ` ինքը։
«Վստահ եմ, որ Սյունիքի ողջ բնակչությունն այս հարցում միանշանակ կարծիք ունի` «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դրա մասին խոսելն ուղղակի անիմաստ է, այս խոսույթը զարգացնելը նաև մեր կողմից չպետք է լինի։ Կա հստակ դիրքորոշում` չի լինելու, և այստեղ պետք է լինի վերջակետ»,– ընդգծեց մարզի ղեկավարը։
Նա հավելեց, որ, անշուշտ, Ադրբեջանը շատ բաներ է փորձելու օրակարգ բերել, սակայն մենք չպետք է այդ հարցերը նաև մեր օրակարգ բերենք։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է նախատեսված նաև այսօր Բրյուսելում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։