ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության նախկին պետն ու աշխատակիցներն ավելի քան 245 մլն դրամ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նախկին պետ Ա.Ղ.-ն, գործակալության աշխատակիցներ Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանց Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի մի շարք բնակիչների գիտության, մի շարք ընտանիքների ձևականորեն ընդգրկել է անապահովության գնահատման համակարգում:
Նշված անձինք վերոնշյալ ընտանիքներին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ են պատրաստել, և պետական բյուջեից ստացված նպաստի գումարներից խարդախությամբ հափշտակել են 245 մլն 313 հազար 500 դրամ։
2023 թվականի հուլիսի 13-ին հսկող դատախազը Ա.Ղ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ք.-ի, Խ.Ռ.-ի, Հ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, կեղծ փաստաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։