ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Այս մասին նշված է բրիտանական դեսպանության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն ու առողջապահական ծառայությունները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիան կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հունիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ–ի մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։
Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի շարժը վերականգնվել է։