ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունն անհամբեր սպասում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ մշակվող՝ մաքուր պղինձ ձուլելու ծրագրին։ Այդ մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Քաջարանում կայացած տոնական միջոցառմանը, որը նվիրված էր Հանքագործի և մետալուրգի օրվան (խորհրդային ժամանակներից այն նշվում է հուլիսի երրորդ տասնօրյակում) և ԶՊՄԿ-ի հիմնադրման 70-ամյակին (որպես մեկնարկ ընդունվում է ինդուստրիալ մակարդակի արդյունահանումը 1950-ականների սկզբին)։
Խոսելով կոմբինատի առանցքային դերի մասին՝ նախարարը նշեց, որ վերջերս Չինաստան կատարած իր այցի ընթացքում ՉԺՀ-ի էկոնոմիկայի փոխնախարարն իրեն հայտնել է, որ Հայաստանը Չինաստանի համար դարձել է մոլիբդենի` ծավալներով երրորդ մատակարարը։ Քերոբյանը հիշեցրեց` երկրում արդյունահանվող պղնձի ու մոլիբդենի գերակշիռ մասը բաժին է ընկնում ԶՊՄԿ-ին, որը մնում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը։
«Այնպես որ այս տարեդարձը կարևոր հանգրվան է, բայց սա մեր համատեղ ճանապարհի միայն սկիզբն է։ Մենք ցանկանում ենք խորացնել հանքաքարի վերամշակումը և անհամբեր սպասում ենք համապատասխան ծրագրի իրագործմանը», - ասաց Քերոբյանը։
Նա հավելեց, որ գործադիրը հետագայում էլ ամեն բան կանի բիզնեսի աշխատանքը դյուրացնելու համար։ Որպես արդյունք՝ նա հիշեցրեց, որ անցյալ տարի օտարերկրյա ներդրումները Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հատել են մեկ միլիարդ դոլարի շեմը, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի մոտ 22%-ը։ Պահանջված է մնում նաև տնտեսության արդիականացման ծրագիրը, որով կառավարությունը բիզնեսին սուբսիդավորում է լիզինգի տոկոսները նոր արտադրական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեկուկես տարում ծրագրից օգտվել է արդեն ավելի քան 2 000 ընկերություն, որոնք ձեռք են բերել ավելի քան 300 միլիոն դոլարի սարքավորումներ։
Հիշեցնենք՝ 2021 թ․ աշնանը ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր դարձավ ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը Հայաստանում կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային և Սոթքի ոսկու հանքավայրը (վերջինս ժամանակավորապես չի գործում)։ Զանգեզուրի կոմբինատի մեծամասնական բաժնետեր դառնալուց հետո ընկերությունը, ի նշան կառավարության հետ ռազմավարական համագործակցության, վերջինիս փոխանցեց բաժնետոմսերի 15%-ը (2022-ի օգոստոսին մեկ այլ բաժնետեր AMP Holding-ը կառավարությանը փոխանցեց ընդհանուր բաժնետոմսերի ևս 6,875%-ը)։ Կոմբինատի նոր ղեկավարությունը սկսել է քննարկել Հայաստանում մաքուր պղնձի ձուլման ներդրումային ծրագիրը (որպեսզի արդյունահանվող պղինձը երկրից չարտահանվի հումքի ձևով, այլ երկրի ներսում դառնա վերջնական պրոդուկտ)։