Ինչ է անում ՀՀ իշխանությունը Զանգեզուրի կոմբինատի շահաբաժինների հետ

Հանքավայր
Կառավարությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկության բաժնետերը, սակայն բյուջե շահաբաժիններ վերցնելու կամ արտադրության զարգացման մեջ ներդրումներ կատարելու հարցը դեռ չի քննարկվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից իր շահույթի մասնաբաժնի կառավարման վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանը և հիշեցրեց` քանի որ պետությունը գործարանի բաժնետերերից մեկն է, նման որոշումները պետք է համաձայնեցված ընդունվեն խորհրդի նիստում։
«Առայժմ հարցը օրակարգում չի ընդգրկվել, բայց կքննարկվի, և մենք մեր կարծիքը կհայտնենք՝ հաշվի առնելով պետության պահանջներն ու քաղաքականությունը», - ավելացրեց նա։
Առայժմ պետությունը (բաժնետիրոջ իրավունքով) պղնձաձուլական գործարանի նախագծի վերաբերյալ կոմբինատի հետ առարկայական քննարկումներ չի արել։ Ընկերությունը դրա համար պատվիրել է նախնական տեխնիկատնտեսական քննարկում, որն այժմ կազմվում է։ Որևէ տեխնիկական փաստաթուղթ (գործարանի տեղակայման տարբերակների, դրա էներգամատակարարման և այլն) չի քննարկվել։
Ավետիսյանը նշեց, որ երկրում պղնձաձուլարանի ստեղծումը վարչապետի ռազմավարական որոշումն է, բանակցություններն ընթանում են տարբեր շահագրգիռ կողմերի հետ:
«Բանակցությունների մանրամասներն իհարկե չեմ կարող բացահայտել, բայց երբ որևէ արդյունք ստանանք, իհարկե, կհայտնենք այդ մասին։ Այսպես թե այնպես այդ հարցը պետության կողմից հայտարարված քաղաքական առաջնահերթյունն է», - հիշեցրեց նա։
Նշենք, որ կոմբինատի շահույթը 2021 թվականին կազմել է մոտ 95 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 247 մլն դոլար)։ Ընկերության` 2022 թվականի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել, սակայն շահույթը կարող էր նվազել այն պատճառով, որ ամբողջ տարվա ընթացքում կոմբինատի ու լեռնահանքային արդյունաբերության համար պղնձի և մոլիբդենի արտահանման բարձր մաքսատուրք էր գործում (2023 թվականից այն չեղարկվել է)։
Կառավարությունն անհամբեր սպասում է ԶՊՄԿ-ի՝ մաքուր պղինձ ձուլելու ծրագրին․ Քերոբյան
Հիշեցնենք՝ 2021 թ․ աշնանը ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետեր դարձավ ռուսական «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունների խումբը, որը Հայաստանում կառավարում է նաև Ագարակի պղնձամոլիբդենային և Սոթքի ոսկու հանքավայրը (վերջինս ժամանակավորապես չի գործում)։ Զանգեզուրի կոմբինատի մեծամասնական բաժնետեր դառնալուց հետո ընկերությունը, ի նշան կառավարության հետ ռազմավարական համագործակցության, վերջինիս փոխանցեց բաժնետոմսերի 15%-ը (2022-ի օգոստոսին մեկ այլ բաժնետեր AMP Holding-ը կառավարությանը փոխանցեց ընդհանուր բաժնետոմսերի ևս 6,875%-ը)։ Կոմբինատի նոր ղեկավարությունը սկսել է քննարկել Հայաստանում մաքուր պղնձի ձուլման ներդրումային ծրագիրը (որպեսզի արդյունահանվող պղինձը երկրից չարտահանվի հումքի ձևով, այլ երկրի ներսում դառնա վերջնական պրոդուկտ)։
Կառավարությունը հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտով ներդրումներ կապահովի