Հայտնի է` ինչ են քննարկել Փաշինյանն ու Միշելը Բրյուսելում

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միշելի հետ և նրան փոխանցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը:
Փաշինյանը Բրյուսել է մեկնել երեկ` հուլիսի 14-ին։ Շուտով կմեկնարկի ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։