ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նրան տեղափոխել են Արցախի Հանրապետական հիվանդանոց։
Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ եղել է իր պաշտպանյալի մոտ, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։
«Ինձ հայտնել էին, որ Վիտալի Բալասանյանը վատառողջ է, ես այսօր գնացի նրա մոտ ու հենց իմ աչքի առաջ նրա վիճակը կտրուկ ավելի վատացավ։ Կանչեցինք շտապ բուժօգնության բրիգադ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց»,– ասաց նա։
Այս պահին բժիշկները հետազոտում են Վիտալի Բալասանյանին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված, քանի որ նրա ձերբակալության իրավաչափության հետ կապված բողոքը դատարանը մերժել էր։
Հիշեցնենք` Վիտալի Բալասանյանին, նրա որդուն և քեռորդուն ձերբակալել են հուլիսի 13-ին Արցախում: Ըստ տեղեկությունների` գեներալին ձերբակալել են Ասկերանի իր տանը։ Մինչ այդ 40 րոպե խուզարկություն են իրականացրել Բալասանյանի տանը։
Բալասանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասի կասկածանքով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։