ՌԱԴԻՈ

Փաստաթուղթ չի ստորագրվի, էսկալացիան կավելանա. քաղաքագետը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին

Քաղաքագտ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Արևմուտքից հնչող գհանատականները հայ–դրբեջանական բանակցություններում գրանցված առաջընթացի մասին իրականում վերաբերում են բացառապես Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելու արևմտյան օրակարգին։
Sputnik
Փաշինյան–Ալիև բրյուսելյան հանդիպումից սպասելիքները շատ չեն, փաստաթուղթ չի ստորագրվելու, կողմերը կբավարարվեն համատեղ հայտարարությամբ։ Իսկ հանդիպումից հետո հնարավոր է նաև էսկալացիան էլ ավելի աճի։
Sputnik Արենիայի հետ զրույցում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ նման կանխատեսում արեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Մոսկվայում սպասում են Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպման արդյունքներին. ՌԴ ԱԳՆ
«Ժամանակը միանշանակ Հայաստանի օգտին չէ, ամսեամիս կամ շաբաթից շաբաթ Հայաստանը դիվանագիտական դիրքեր է կորցնում։ Ադրբեջանը վարում է պարտադրողական դիվանագիտություն` ուժի և դիվանգիտության զուգակցմամբ փորձում է Հայաստանից նորանոր զիջումներ կորզել, ինչի վկայությունն է, օրինակ, Ալիևի հայտարարությունը, որով նա, ըստ էության, Փաշինյանին թելադրում էր պայմանագրի այն նվաստացուցիչ տեքստը, որը Հայաստանը պետք է ստորագրի։ Բացի այդ, այս ժամանակահատվածը չի ծառայեցվել Հայաստանի դիվանագիտական կամ պաշտպանական կարողությունների ուժեղացմանը»,– ասաց Սուրենյանցը։
Անդրադառնալով տարբեր մակարդակի հանդիպումներից հետո Արևմուտքից հնչող գնահատականներին` բանակցային գործընթացում գրանցված առաջընթացի մասին` քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ այդ գնահատականները որևէ կապ չունեն բանակցվող առանցքային խնդիրների հետ, այլ միայն վերաբերում են տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացմանը։
«Եթե նրանք այդ օրակարգի շուրջ կարողացել են ինչ–որ համաձայնության բերել Փաշինյանին ու Ալիևին, դա արդեն առաջընթաց է նրանց դիտանկյունից։ Այլ խնդիր է, որ մեր երկրի համար դա ոչ միայն առաջընթաց չէ, այլ հղի է ԼՂ–ի վերջնական հայաթափման հեռանկարով,– ասաց Սուրենյանցը` հիշեցնելով Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ 2025թ–ին Ռուսաստանի զինված ուժերը պետք է հեռանան ԼՂ–ից,– այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ արևմտյան մայրաքաղաքներում քննարկվում է կարգավորման մի սցենար, որը ոչ թե հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին է, այլ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման»։
Ընդ որում, Սուրենյանի համոզմամբ, Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու օպերացիայի գլխավոր մոդերատորը իշխանության ճամբարում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է, որն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ԱՄՆ ռազմական ու անվտանգային ոլորտի տարբեր պաշտոնյաների հետ։
«Բայց միայն Ռուսաստանից մեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհությունը բավարար չէ աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխելու համար, որովհետև Հայաստանը չունի այլընտրանքային անվտանգային առաջարկ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից։ Արևմուտքից մենք լսում ենք միայն դատարկ հրապարակային հայտարարություններ, դատարկ այն իմաստով, որ դրանց մեջ չկան կոնկրետ գործիքակազմ ենթադրող մեսիջներ, լսում ենք ինչ–որ հավաստիացումներ, խոստումներ, բայց նույնիսկ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն չկա Ադրբեջանի նկատմամբ։ Եվ, երկրորդը` մենք որևէ անվտանգային երաշխիք չունենք, որ Ռուսաստանը ցանկություն ունի հեռանալու տարածաշրջանից և կոշտ չի հակազդի այն դեպքում, եթե մենք նպաստենք նրա դիրքերի թուլացմանը»,– նշեց քաղաքագետը` ամփոփելով, որ այս պարագայում ՀՀ իշխանությունների մոտեցումն ուղղակի արկածախնդրություն է համարում։
Հուլիսի 15–ին ԵՄ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրույսելում նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Հանդիպման օրակարգը չի հրապարակվել։