ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Կառավարման լավ հմտություններ տալը և լավ հմտություններով օժտված մասնագետներ ունենալը պետության հիմքն են: Այս մասին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը` մասնակցելով ակադեմիայի 2023 թվականի մագիստրոսական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Նշվում է, որ մագիստրատուրայի գերազանց ավարտած շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը Կառավարման ակադեմիայում դիպլոմներ է հանձնել
© Photo : official site of the Government of RA
«Ցավոք, կառավարման վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք դրա մեծ պակասն ունենք, լավ մասնագետների մեծ պակաս ունենք... Հաճախ վատ մասնագետին լավով փոխարինելու խնդիր ենք ունենում: Վատին հանում ենք, լավին չենք գտնում: Սա, ընդհանուր առմամբ, մեր հանրային կառավարման խնդիրներից մեկն է»,–ասել է նա:
Նա հույս է հայտնել, որ մագիստրոսներն իրենց մեծ լուման են ներդնելու պետության, պետական համակարգի կայացման գործում։