ՌԱԴԻՈ

Բնությունը գլուխ կհանի, հավերը կուտեն. գիտնականը դեմ է անտառների վրա քիմիկատներ լցնելուն

Կառավարությունը հուլիսի 13-ի նիստում որոշում էր ընդունել 13 մլն դրամ հատկացնել Եղիպատրուշի ու Ծաղկաձորի անտառամերձ տարածքներում տարածված վնասատուների դեմ ուղղաթիռից թունաքիմիկատներ տարածելու համար։
Sputnik
Ուղղաթիռից անտառների վրա թունաքիմիկատներ ցանելը պետք է բացառվի։ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարկ Քալաշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես արձագանքեց Եղիպատրուշի և Ծաղկաձորի անտառապատ հատվածներում տարածված ծղրիդների դեմ կառավարության ընտրած պայքարի տարբերակին։
«Գյուղատնտեսական տարածքներում դա որոշակի արդյունավետություն կունենա։ Կարող են օգտագործել թունաքիմիկատներ, բայց միայն ու միայն դաշտերում։ Բայց մինչ այդ նախ պետք է ինչ–որ ուսումնասիրություն արվի, որովհետև համատարած կարող է սրսկեն, նույնիսկ այն տեղերում, որտեղ այդ ծղրիդը չկա կամ որևէ վնասակար նշանակություն չունի։ Դրա համար նախ պետք է վնասակարության աստիճանը որոշվի։ Փաստը, որ կենդանիները քանակով շատ են, դեռ չի նշանակում, որ հասցրած վնասն էլ մեծ է լինելու»,– ասում է գիտնականը։
ՀՀ երկու մարզում ավիացիոն քիմիական պայքար կիրականացվի ծղրիդների դեմ. նախարարություն
Մարկ Քալաշյանը և նրա ղեկավարած լաբորատորիայի մասնագետներն են կառավարության պատվերով նույնականացրել Ապարանում ու Ծաղկաձորում տարածված ծղրիդի տեսակը։
Դրա գիտական անվանումն է «Զախարովի հաստամարմին» (Polysarcus zacharovi)։ Միջատը հատուկ է Հայաստանի բնաշխարհին, տարածված է ամբողջ Հայաստանով` մարգագետնային ու տափաստանային էկոգոտիներում։
Մեր զրուցակիցը նշում է, որ կառավարությանն ու տվյալ համայնքների բնակիչներին անհանգստություն պատճառած միջատը անթև կենդանի է և, ի տարբերություն սովորական ծղրիդի, որը միգրանտ է և մեծ տարածություններ կարող է թռչել–անցնել, Զախարովի հաստամարմինը տեղից տեղ չի տեղափոխվում։
«Այս տարի ինչ–որ տարածքներում տարածվել է, բայց մյուս տարի գուցե և չլինի։ Այս տեսակն ունի «կյանքի ալիքներ»` մի տարի շատ են, մի տարի`քիչ։ Այս տարի երևի բռնկում եղավ եղանակային պայմանների` բարձր խոնավության պատճառով»,– կարծում է Քալաշյանը։
Ինչ վերաբերում է միջատի հնարավոր վնասին, Մարկ Քալաշյանը վստահեցնում է` վայրի բնության համար այն գրեթե անվնաս է։ Բացի այդ, նրա բնորոշմամբ, բնությունն ինքը գլուխ կհանի իր ստեղծած էակի հետ։
«Վայրի բնությանը նա որևէ վնաս չի կարող հասցնել։ Կենսաբազմազանության համար ընդհանրապես չկա վնասակարություն հասկացությունը։ Բնության մեջ չկա վնասատու տեսակ։ Միակ վտանգը, որ կենդանին կարող է հասցնել, կարող է լինել միայն գյւղատնտեսությանը»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ վնասի չափն ու այն կանխելու մեթոդն այս դեպքում կախված է միջատների գրաված տարածքության մեծությունից։
«Եթե տարածվածությունը գյուղատնտեսական հողատարածքներում մեծ է, ամենաարդյունավետ պայքարը թունաքիմիկատներն են, իսկ եթե տարածքը մեծ չէ, անգամ հարևանությամբ գտնվող հավի ֆերման կարող է արդյունավետ լինել։ Հավերին բաց թողնեն, հավերը կոչնչացնեն»,– խորհուրդ է տալիս մասնագետը։
Ծղրիդներ Ծաղկաձորում ու Ապարանում. ահազանգից մինչև գումարի հատկացումը տևել է 40 օր
Հիշեցնենք` Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ բնակավայրում ու Ծաղկաձորի անտառներում ծղրիդի «Զախարովի հաստամարմին» տեսակի` գյուղատնտեսական նշանակության հողերին հասցվող վնասի կանխարգելման նպատակով կառավարությունը շուրջ 13 մլն դրամ է հատկացրել։
Հաշվի առնելով Ծաղկաձորի և Եղիպատրուշի ռելիեֆային առանձնահատկությունները և վնասատուների տարածման մեծ արեալներ, կառավարությունում որոշել են, որ միայն անօդաչու թռչող սարքերով ու տրակտորներով թունաքիմիկատների սրսկումը անհնար է և որոշվել է դրանք ցանել ուղղաթիռով, ինչի համար էլ հատկացվել է վերոհիշյալ 13 մլն դրամը։