ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահներն ընդունում են, որ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակն անհապաղ կարգավորելու ուղղությամբ աշխատանք ունեն անելու։ Ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայանի մոտ, ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից հետո այս հայտարարությունն արեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական շարժում, որի մասնակիցները քայլերթով հասել են ռուսական խաղաղապահ զորակազմի զորակայան, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջը՝ դադարեցնել Արցախի շրջափակումն ու հումանիտար աղետը։
«ՌԴ խաղաղապահների կողմից արձանագրվել է առկա խնդիրը, և իրենք խնդրել են ժողովրդին փոխանցել, որ Ռուսաստանի Դաշնությունն ընդունում է, որ այս պահին խախտված է նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության Լաչինի միջանցքի հետ կապված դրույթը»,–ասաց Ներսիսիյանը։
Նրա խոսքով` խաղաղապահները ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկությունը ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կփոխանցեն ՌԴ–ին։
Պետնախարարը դիմեց հանրահավաքի մասնակիցներին և հայտարարեց, որ բոլորը պետք է վերադառնան Վերածննդի հրապարակ, իսկ Ասկերանի շրջանի բնակիչները զորակայանի մոտ տեղադրեն իրենց վրանները և վառվող կրակի պես պահեն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի կարմիր լույսը։
Նշենք, որ վրաններ են տեղադրվել նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։