Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Զինծառայող. արխիվային լուսանկար
Ադրբեջանը, բացի հրաձգային զենքից, կիրառել է նաև ականանետ և նռնականետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինուժն այսօր հրադադարը խախտել է Շուշիի շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 14-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը' բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ–7 նռնականետ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Գերատեսչությունն ավելի վաղ հերքել էր Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում, կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։