ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի– Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածվող տեղեկությունը, թե վթարի է ենթարկվել նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող՝ պետական պահպանության ծառայության աշխատակիցներին սպասարկող ավտոմեքենան, հայտնում է «Արմենպրեսը»։
«Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում» ,–ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նշենք, որ Ավան վարչական շրջանում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, թե մեքենաներից մեկը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, և այդ ավտոմեքենայով շրջում են Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։