ՔՊ-ն կրկին նիստ է գումարել. հայտնի է` ինչ են քննարկել

ՔՊ նիստը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում են ՔՊ մամուլի ծառայությունից։
Նիստը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, Երևանի տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Ընտրությունների օրը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդուված որոշմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։
Հավելենք, որ հուլիսի 11–ին ևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ էր տեղի ունեցել, որի ժամանակ նշանակվել են կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։