ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Պետական ֆինանսավորումից բացի մշակութային կազմակերպությոսւնները պետք է նաև սեփական ֆինանսական միջոցները վաստակեն։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` հղում անելով կառավարության գործունեության ծրագրով նախանշված անելիքներին։
Ֆինանսավորման նոր մոդելը համատարած կիրառելուց առաջ, սակայն, գործադիրը որոշել է այն նախ փորձնական գործարկել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
«Ֆինանսավորման նոր մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար, որը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատավարձերի բարձրացման, նոր և վերափոխված ներկայացումների, հյուրախաղերի, անհրաժեշտ կապիտալ ծախսերի համար»,– հայտնեց Անդրեասյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ 2022թ–ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տոմսերի վաճառքից ստացել է 614.4 մլն դրամ։ Իսկ թատրոնի ընդհանուր արտաբյուջետային եկամուտը կազմել է շուրջ 750 մլն, ինչը 2019թ–ի համեմատ կրկնապատիկ ավել է։
«2023-ի համար թատրոնը կանխատեսել է, որ կգրանցի շուրջ 841 մլն դրամի սեփական եկամուտ։ Այս տարի արդեն 1.4 մլրդ դրամ տրամադրել ենք օպերային թատրոնին: Կանխատեսվող սեփական եկամուտների չափը հաշվի առնելով` թատրոնի ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմեր 1.68 մլրդ դրամ, և այդ պարագայում փորձնական մոդելի ներդրման շրջանակներում թատրոնին հավելյալ տրամադրում ենք 233.5 մլն դրամ»,– ասաց Անդրեասյանը` հավելելով, որ այդ միջոցների շրջանակում թատրոնը պետք է բեմադրի առնվազն 2 նոր ներկայացում ` հրավիրելով նաև արտերկրի մասագետների։
Ֆինանսավորման նոր մոդելի արդարացման դեպքում մինչև 2026թ–ը այն կներդրվի ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող բոլոր 21 թատերահամերգային կազմակերպություններում։
Անդրադառնալով մյուս կազմակերպություններին` Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ 2021թ–ին թատերական ներկայացումներից ստացած հասույթը կազմել է 773.9 մլն դրամ։ Միջին հաշվով 1 ներկայացման տոմսերի վաճառքից թատրոնները 264 000 դրամի հասույթ են ստացել։