«Մենք մտածելու բան ունենք». Ժաննա Անդրեասյանը` զինանշանի հնարավոր փոփոխության մասին

Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարը կարծում է, որ ՀՀ պետական խորհրդանիշները պետք է արտացոլեն ոչ միայն անցյալը, այլև մեր այսօրվա պետությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և որևէ փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կրթությանն, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով վերջերս ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե ՀՀ զինանշանը մեր ապագայի հետ կապ չունի։
Փաշինյանն ասել էր, որ զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թ. հիմնված պետության հետ կապ չունեն։
«Մենք մտածելու բան ունենք, և այս հարցը ձևակերպված է նաև մասնագիտական դաշտի կողմից, հետևաբար կարծում եմ` դա այն հարցերից է, որի ուղղությամբ պետք է բավականին աշխատանք տարվի, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության մասին ավելի հստակ պատկերացում կազմվի»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը, և Նիկոլ Փաշինյանի խոսքերը հենց դրա մասին էին։ Նախարարը կարծում է, որ մասնագետները կգտնեն ճիշտ լուծում։
«Այս պահին որևէ ձևաչափով աշխատանքային խումբ չկա։Իհարկե, հարցը ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային պրոցես չկա»,– ասաց նախարարը։
Նա նշեց, որ տարբեր մասնագետներ արդեն խոսել են զինանշանի որոշ խնդիրների մասին։ Որպես ոլորտը համակարգող նախարար` ինքն առաջին հերթին կարիք ունի լսելու մասնագետների խոսքը։
Ոչ թե փոխել, այլ վերամշակել. Կարեն Աղամյանը խոսել է ՀՀ զինանշանի մասին