ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 05։30-ի, ապա 12:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դիպուկահար կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող, հարավարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով նշված զորամասերի երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ։
Նույն օրը զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, կյանքից ապօրինաբար զրկելու փորձը):
Կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ Ադրբեջանի ԶՈւ նախահարձակ գործողություների հանգամանքները պարզելու, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների հանցավոր գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով։