ՀԱՊԿ երկրների համար կարևոր է պատրաստված լինել կենսաբանական սպառնալիքներին․ Պոպովա

Աննա Պոպովա
ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկը նշել է, որ կենսաբանական անվտանգության հարցերը ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում միջազգային օրակարգի կենտրոնական տեղերից են զբաղեցնում ոչ միայն ՀԱՊԿ տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀԱՊԿ երկրների համար կարևոր է պատրաստված լինել ինչպես բնական, այնպես էլ կանխամտածված բնույթի կենսաբանական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն, այս հայտարարությունն արել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների` կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի նիստում։
«Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս երկրներն անհրաժեշտ ներուժ ունեն նման մարտահրավերներին դիմակայելու համար։ Եվ ամենակարևորը` այսօր ունեն կենսաբանական ինքնիշխանություն», - ասել է Պոպովան։
Նա նշել է, որ այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կենսաբանական անվտանգության հարցերը միջազգային օրակարգի կենտրոնական տեղերից են զբաղեցնում ոչ միայն ՀԱՊԿ տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում:
«Ռուսաստանը շարունակում է ռազմական հատուկ գործողությունն Ուկրաինայում՝ բացահայտելով մեր սահմանների մոտ Արևմուտքի երկրների բազմամյա վտանգավոր գործունեության փաստեր, որոնք կապված են կենսաբանական զենքի ստեղծման համար վտանգավոր պաթոգենների հետազոտությունների հետ։ Մենք բազմիցս տարբեր միջազգային հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, այս փաստերի կապակցությամբ հրավիրել ենք միջազգային հանրության ուշադրությունը», - ասել է Պոպովան։
ՀԱՊԿ-ում ուզում են կրճատել մասնակիցներին օգնելու մասին որոշումների ընդունման ժամկետները
Նրա խոսքով՝ Արևմուտքը, ձգտելով պահպանել իր գերիշխանությունը, ամեն ինչի կգնա, որպեսզի վերահսկողություն ստանա այն տարածքների ու ռեսուրսների նկատմամբ, որոնցով հարուստ են Ռուսաստանն ու Եվրասիական տարածաշրջանի երկրները: «Դրա համար, բացի կենսաբանական զենքից, օգտագործվում են նաև այլ մեթոդներ, ներառյալ պետական հեղաշրջումների, անկարգությունների ներշնչման փորձերը, ինչի մասին խոսում են Բելառուսում և Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - ավելացրել է նա:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին․ ՌԴ ԱԳՆ