Բայդենը Էրդողանին 11-13 մլրդ դոլար է խոստացել Շվեդիայի հայտի վավերացման դիմաց․ Հերշ

Սեյմուր Հերշ
Հերշի խոսքով` Շվեդիայի վերաբերյալ որոշումը մեծապես պայմանավորված է ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայի ենթակառուցվածքների և բնակֆոնդի վերականգնման անհրաժեշտությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Շվեդիայի`ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտը վավերացնելու դիմաց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից 11-13 մլրդ դոլարի օգնություն է խոստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է լրագրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Սեյմուր Հերշը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է շուտափույթ քննարկել Շվեդիայի` ՆԱՏՕ–ին անդամակցելու հայտը:

«Ջո Բայդենը ստացավ այն, ինչն իրեն պետք էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ ...Բայդենը խոստացել է, որ ԱՄՀ-ն Թուրքիային 11-13 միլիարդ դոլարի վարկային գիծ կտրամադրի», - գրում է Հերշը «Substack» հարթակում։

Լրագրողի խոսքով՝ Թուրքիայի առաջնորդի որոշումը մեծապես պայմանավորված էր փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո երկրի ենթակառուցվածքների և բնակֆոնդի թանկարժեք վերականգնման անհրաժեշտությամբ:
«Բայդենը պիտի հաղթեր, քանի դեռ Թուրքիան ֆինանսական սուր ճգնաժամի մեջ է», - աղբյուրի խոսքը մեջբերում է Հերշը:
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի այն ժամանակ, երբ Թուրքիան ընդգրկվի Եվրամիության կազմում: Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի հայտի հետ կապված փաստաթղթերը հնարավորինս շուտ ուղարկել Թուրքիայի խորհրդարան։ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը հուլիսի 12-ին ասել է` դեռևս հայտնի չէ, թե այդ հայտը երբ կմտնի խորհրդարան, որովհետև ժամկետները չեն հստակեցվել։
Թուրքիային չեն ուզում տեսնել Եվրոպայում. Պեսկովը խորհուրդ է տվել հանել վարդագույն ակնոցը