ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արևմուտքը չի կարող ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, իսկ ԱՄՆ–ն շագրգռված չէ կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` մեկնաբանելով վերջին շրջանում նկատվող Հայաստան– ԵՄ և Հայաստան– ԱՄՆ հարաբերություների ջերմացումը։
Նա համոզված է՝ խիստ չափազանցված են Հայաստանի իշխանությունների այն պնդումները, թե ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանին խաղաղություն է բերում։
«Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն շփոթում են իրենց իշխանության կայունությունը Հայաստանի անվտանգության և կայունության հետ։ Այս իշխանությունների գոյատևման կարևորագույն գրավականներից մեկն այն է, որ ունենա արևմտյան քաղաքական ու տնտեսական հստակ լոյալություն, բայց լոյալությունը նրանք ստանում են, քանի որ փաստացի մասնակցում են հակառուսական ու հակաիրանական գործողություններին»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է կայունության ապահովմանը։
Քաղաքագետի համոզմամբ` ԱՄՆ-ն կարող է միայն բացասական ազդել Հարավային Կովկասի կայունության վրա, ու դրա մասին արդեն խոսել են տարածաշրջանային բոլոր խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանը և նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը։
Նա կարծում է, որ այժմ Արևմուտքի համար հնարավորություն է ստեղծվել Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելու, իսկ Ադրբեջանին որպես Իրանի դեմ պատերազմի տարր օգտագործելու համար:
«Առաջին հերթին ԱՄՆ–ն ու Արևմուտքը ցանկանում են հնարավորինս արագ նոյեմբերի 9-ի հայտարարությունը փոխարինել ցանկացած այլ փաստաթղթով», – կարծում է նա։
Մաթևոսյանը կարծում է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցությունները եղել են ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և նրա բնակչության իրավունքների պաշտպանության, այլ Հայաստանի կարգավիճակի մասին, քանի որ տեղի է ունեցել երկրի անվտանգության ճարտարապետության ոչնչացում:
«ԱՄՆ-ում հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարևոր գործոն է հայ-ռուսական սերտ համագործակցության մեջ։ ԱՄՆ-ում կարծում են, որ եթե Ղարաբաղը դուրս գա այդ շղթայից, ապա Հայաստանն այլևս Ռուսաստանից կախվածություն չի ունենա, ու տարածաշրջանում անվտանգության ճարտարապետության փոփոխություն կլինի», - նշել է նա:
Փորձագետը հիշեցրեց, որ Եվրամիությունը անվտանգություն չի գեներացնում, ավելին ՝ սպառում է ՆԱՏՕ-ի ստեղծած անվտանգությունը: Հետևաբար, անիմաստ է ԵՄ-ից ակնկալել անվտանգության որևէ երաշխիք։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա քաղաքագետը լուրջ չի համարում սպառազինության մատակարարման մասին խոսակցությունները: Նրա խոսքով, եթե անգամ ենթադրենք, որ Վաշինգտոնը ցանկանում է զենք մատակարարել Երևանին, ապա հասկանալի չէ, թե ինչ ճանապարհով է դա հնարավոր անել։
«Իրանը թույլ չի տա, Վրաստանը չի վտանգի հարաբերությունները Բաքվի և Անկարայի ու անգամ Մոսկվայի հետ, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շահագրգռված չեն Հայաստանի հզորացմամբ»,- հարցրեց նա:
Միաժամանակ, քաղաքագետը հիշեցրել է, որ Հայաստանը հաջող համագործակցության փորձ է ունեցել Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Մասնավորապես, դեռևս 2018 թվականի իշխանափոխությունից առաջ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում արդիականացվել է հայկական սպառազինությունը։ Նրա խոսքով ՝ և Ռուսաստանը, և Արևմուտքը ըմբռնումով էին մոտենում դրան, քանի որ այն ժամանակ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հարցը Երևանի առջև դրված չէր։
Իսկ հիմա, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները, Արևմուտքն ու Թուրքիան շտապում են արագացնել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացը, շտապում են ստորագրել խաղաղության պայմանագիր, քանի որ ուկրաինական ճգնաժամը մոտենում է ավարտին, իսկ Ռուսաստանն աստիճանաբար առավելություն է ստանում ու շուտով կրկին կկարողանա ուշադրությունը կենտրոնացնել տարածաշրջանի վրա։
Ինչ վերաբերում է միջազգային մեխանիզմների ներդմանը, որի մասին այսօր խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի դրան։
«Ոչ մի միջազգային մեխանիզմ էլ չկա, սա շատ վտանգավոր սուտ է, որը Հայաստանի իշխանությունները տարբեր մակարդակնորով փորձում են հրամցնել հասարակությանը։ Ադրբեջանական կողմը ոչ մի բանի հետ էլ համաձայն չէ։ Այս ամենը գեղեցիկ ձևակերպում է՝ ԱրցախըԱդրբեջանին վերջնական հանձնելու համար»,– նշում է Բենիամին Մաթևոսյանը։
Իսկ Բաքու– Ստեփանակերտ հնարավոր երկկողմ հանդիպումն, ըստ նրա, վաղ թե ուշ անխուսափելի է, բայց քաղաքագետը կարևորում է, որ այն լինի հավասարը հավասարի հետ ֆորմատով, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրած կանոններով։