ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանտա Փաուերի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և ընդլայնման հեռանկարների շուրջ՝ ինչի համատեքստում քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում»,– ասված է հաղորդագրությունում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները:
Նշենք, որ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում է հուլիսի 4-ից։
Նա արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Կուպերի հետ։