Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
Հիմնարար գիտությունների, հասարակական և հումանիտար բնագավառների, ինչպես նաև բժշկական ուղղության բուհերն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ակադեմիական քաղաքում առաջնահերթ կներառվի 4 խոշորացված բուհ` տեխնոլոգիական, սպայական, կրթական, արվեստի ուղղություններով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դասական ուղղությունը (հիմնարար գիտություններ, հասարակական և հումանիտար բնագավառներ) և բժշկական ուղղությունն առաջին փուլում չեն տեղակայվի Ակադեմիական քաղաքում:
Նախարարը նաև նշեց, որ կրթության զարգացման պետական ծրագրով մինչև 2030 թվականը նախատեսում են միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ 4 բուհ, առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը՝ բարձրացնելով բարձրագույն կրթական համակարգի միջազգային հեղինակությունը և այլն:
«Բովանդակային առումով դա ենթադրում է ռեֆորմ՝ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի շրջանակում։ Դրա արդյունքում առանձնացվել է 6 հիմնական ուղղություն, որոնցով պետք է խոշորացվեն բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները»,– ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` ակադեմիական քաղաքը պետք է դառնա ժամանակակից հետազոտական, նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, նաև ձեռք բերված գիտելիքն ու արդյունքները կառևտրայնացվեն:
«Այն պետք է հանդես գա որպես ինտելեկտուալ և ժամանցի միջավայր, և պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքները: Այստեղ պետք է ունենանք նաև նորարարական և փորձարարական լուծումների համար անհրաժեշտ միջավայր, ինչպես, օրինակ՝ ագրարային ոլորտի փորձարարական ծրագրերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը հանդես է գալու որպես ծրագրի իրականացման հիմնական գործակալ: Ակադեմիական քաղաքի վերաբերյալ կլինի առանձին օրենսդրական կարգավորում՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը:
Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր վայրերի համար գերմանական GMP ընկերության հետ իրականացվում են նախագծային աշխատանքներ:
Քննարկման արդյունքները վերջնական տեսքի կբերվեն և կներկայացվեն կառավարության հաստատմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գաղափարն է եղել ակադեմիական քաղաք ստեղծելը, որտեղ տեղակայվելու է մինչև 8 բուհ։ Արդեն իսկ մշակվել է քաղաքի նախնական հատակագիծը։ Բացի բուհերից, քաղաքում հիմնվելու են նաև բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 000 մարդու համար։