Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ են նախապատրաստվում. Զելենսկի

Ռիշի Սունակն ու Վլադիմիր Զելենսկին
ՆԱՏՕ-ի ճանապարհին կողմերն անվտանգության երաշխիքներ են պատրաստում Ուկրաինայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Վիլնյուսում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր առավոտյան Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Կիևի համար երեք առաջնահերթ հարց կա, որոնք կապված են սպառազինության, երկիրը ՆԱՏՕ հրավիրելու և Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հետ: Ավելի վաղ Զելենսկին դաշինքի գագաթնաժողովի շրջանակում արդեն հանդիպել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
«Ռիշի Սունակի հետ հանդիպումը երրորդն էր ու երրորդ հաջողությունը Ուկրաինայի համար այսօրվա գագաթնաժողովում: Պաշտպանություն, քաղաքականություն, մեր ընդհանուր անվտանգություն: Շնորհակալություն հայտնեցի զենքի համար, մասնավորապես հեռահար զենքի։ ՆԱՏՕ ճանապարհին մեծ աջակցություն Ուկրաինային: Եվ անվտանգության երաշխիքներ ենք նախապատրաստում Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի ճանապարհին»,- գրել է Զելենսկին Telegram–ում։
Հիշեցնենք` ՆԱՏՕ-ի ղեկավարները Ուկրաինային աջակցություն տրամադրելու բազմամյա փաթեթ են հաստատել, որը բաղկացած է երեք տարրից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ փաթեթը ներառում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության հասնելու բազմամյա աջակցության ծրագիր, ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի ստեղծում և անդամակցության գործողությունների ծրագրի կատարման պայմանների վերացում, ինչը կնվազեցնի անդամակցության գործընթացը` երկու փուլից հասցնելով մեկի:
Գլխավոր քարտուղարի խոսքով ՝ դաշինքի երկրների ղեկավարները հաստատել են, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցները որոշեն, որ պայմանները պահպանված են: