ՌԱԴԻՈ

Շոուի և PR-ի համար. փաստաբանը «զղջալու օրենքի» մեջ այլ նպատակ է տեսնում

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Քրեական օրենսգրքում կառավարության առաջարկով կատարված վերջին փոփոխությանը, որն ստացել է «զղջալու օրենք» անվանումը։
Sputnik
Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը ոչ միայն ոչ մի մարդասիրական խնդիր չի լուծում, այլև հակասում է քրեական օրենսդրության սկզբունքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` մեկնաբանելով ՀՀ Քրեական օրենսգրքում կառավարության առաջարկով կատարված վերջին փոփոխությունը, որն ստացել է «գործուն զղջալու օրենք» բնորոշումը։
Կատարած ոչ ծանր հանցանքի համար զղջալու ու վնասը փոխհատուցելու դեպքում պատժից ազատվելու տարբերակը, Աթանեսյանի, խոսքով, քրեական օրենսդրության մեջ գոյություն է ունեցել դեռևս խորհրդային տարիներից։ Մինչդեռ այս փոփոխությունը փաստաբանի համար հասկանալի չէ։
«Այս փոփոխությունն անհասկանալի է, որովհետև առաջին անգամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը այնպես չէ, որ մարդասիրության օբյեկտ է, ու դատախազը կարող է որոշել քրեական հետապնդում չիրականացնել։ Այդ մարդկանց համար, եթե կան բացառիկ հանգամանքներ, օրենսդրությւնը նախատեսում է, օրինակ, դատարանի կողմից պատժի պայմանական չկիրառում, կամ ազատազրկման փոխարեն հսկողության տակ գտնվել։ Ու հետևաբար, քանի որ այս փոփոխությունը չի համապատասխանում քրեական օրենսդրության սկզբունքներին, պետք է փնտրել այլ նպատակ։ Իմ կարծիքով` նպատակը պարզ է. կերակրել հասարակությանը նախկինների հանցանքներով»,– ենթադրում է փաստաբանը։
Տիգրան Աթանեսյանի մեկնաբանմամբ, իրավական նոր կարգավորումը կարող է գործել, օրինակ, այն դեպերում, երբ որևէ նախկին պաշտոնյայի գույքը ձևակերպվել է որպես երրորդ անձի սեփականություն։ Եվ, եթե այդ անձը համագործակցի իրավապահների հետ ու ասի ճշմարտությունը՝ կազատվի պատժից։
«Իրական նպատակը սա է, և սա ընդունված չէ քաղաքակիրթ երկրներում, քանի որ պատժից ազատելու հիմքը լինելու է այլ անձին մեղադրելը, ինչը անթույլատրելի է։ Եթե իրականում փոփոխությունն ուղղված լիներ միայն տվյալ մարդուն օգնելուն, իսկ այդ նորմը միայն այդ նպատակը կարող էր ունենալ, ապա ճիշտ կլիներ, որ ամրագրվեր, որ այդ անձի ցուցմունքները չեն կարող օգտագործվել այլ անձին մեղադրելու համար։ Նման վերապահում եթե լիներ, կարող էինք մտածել, որ մարդասիրության սկզբունքի հետ է համընկնում։ Բայց քանի որ դա չունենք, ես վստահ եմ, որ խոսքը ընդամենը շոուի և PR-ի համար է, որպեսզի մարդկանց հրամցնեն, թե` տեսեք բացահայտեցինք այս կամ այն»,– կարծում է Տիգրան Աթանեսյանը։
ԱԺ–ն ընդունեց բոլոր նախագծերը. ընդդիմությունը հատկապես կոշտ արձագանքեց «զղջալու» օրինագծին
Հիշեցնենք` հուլիսի 12-ին Աժ–ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ անելու` կառավարության առաջարկած օրենքի նախագիծը։
Ընդունված նոր կարգավորումներով սահմանվում են մի շարք նախապայմաններ` մեղադրյալին զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար։
Պատժից ազատվելու իրավական նորմը կարող է կիրառվել, եթե անձը հանցանքը կատարել է առաջին անգամ, համագործակցում է իրավապահ համակարգի հետ, վնաս պատճառած լինելու դեպքում փոխհատուցում է այն։