Փաշինյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին վերընտրվելու կապակցությամբ

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն ու առաջիկա ծրագրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման»,– նշված է հաղորդագրությունում:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին Շավքաթ Միրզիյոևը հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում։
2023 թվականի մայիսին Ուզբեկստանի բնակչության 90,21%–ը քվեարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու օգտին, որոնց համաձայն` Միրզիյոևի կառավարման ժամկետը զրոյացվեց, իսկ պետության ղեկավարի լիազորությունները 5-ի փոխարեն 7 տարի դարձան։