Պարզվել է Սիսիանում երեք հոգու դանակահարածի ինքնությունը. ՔԿ

Քննչական կոմիտե
Դատարանը բավարարել է երիտասարդին կալանավորելու միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Պարզվել է հուլիսի 9-ին Սիսիանում 3 հոգու դանակահարած անձի ինքնությունը. նա 22 տարեկան երիտասարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ) (խուլիգանական դրդումներով սպանության փորձ) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով Սիսիանի բժշկական կենտրոն բուժօգնության էին տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակիչներ` 28, 30 և 71 տարեկան:
Պարզվել էր, որ ավտովթարից հետո ծագած վիճաբանության ընթացքում հավաքվածներից մեկը՝ 22-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 28 և 30 տարեկան եղբայրներին ու վիճաբանող կողմերին բաժանող 71-ամյա տղամարդուն։