ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրները պետք է նվազեցնեն միջուկային զենքի դերն իրենց ազգային և հավաքական անվտանգության քաղաքականության մեջ, եթե իսկապես շահագրգռված են ռազմավարական ռիսկերի նվազեցմամբ: Այս հայտարարությունն արել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին օրվա ավարտից հետո հայտարարել էր, որ դաշինքի երկրները պայմանավորվել են համատեղ հակազդել Չինաստանի ազդեցության և ռազմական հզորության ուժեղացմանը:
«ՆԱՏՕ-ն, լինելով ամենահզոր միջուկային զենք ունեցող ռազմական դաշինքը, վերջին տարիներին զբաղվում է «խոսափողային դիվանագիտությամբ», որպեսզի անպատասխանատու կերպով ուռճացնի Չինաստանի միջուկային սպառնալիքը։ Դա սեփական մեղքն ուրիշի վրա գցել է և բացարձակ երեսպաշտություն, Չինաստանը լուրջ մտահոգություն է հայտնում և վճռականորեն դեմ է դրան»,- հայտարարել Է դիվանագետը։
Պաշտոնյան ընդգծել է, որ Չինաստանը երբեք չի մասնակցել միջուկային սպառազինությունների մրցավազքին և հավատարիմ է այն քաղաքականությանը, որ երբեք և ոչ մի դեպքում առաջինը չօգտագործի միջուկային զենք, ինչպես նաև դրանով չսպառնա մյուսներին։