Կապսի ջրամբարի շինարարությունը վերսկսվել է. Վաչե Տերտերյան

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ մինչ օրս ՀՀ կառավարությունն ընդամենը 46 տոկոսով է կատարել ջրամբարաշինության աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի –Sputnik. Կապսի ջրամբարի շինարարությունն այս տարի սկսվել է։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։

«Որպես քննարկման լավ նոտա` ուզում եմ ասել, որ երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացված ամենախոշոր ջրամբարի` Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է»,– հայտարարեց Տերտերյանը` ի պատասխան ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտողությունների։
Նշենք, որ ԱԺ–ն 2–րդ ընթերցմամբ քննարկում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` ՀՀ կառավարության նախագիծը։ Ըստ նախագծի` առաջարկվում է Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել` նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։
Արթուր Խաչատրյանն իր ելույթում հայտարարեց, որ մինչև ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում պետք է այնքան ջուր լիներ, որ հիմա կառավարությունը չգար ու խղճմտանք առաջացնող ելույթներ ունենար` լրացուցիչ ջրառի ու կործանվող բերքի մասին։
«Տեղական արտադրության բանջարեղենի ծավալը նվազել է, քանի որ ջուր չկա, բերք չկա։ Ընդամենը 46 տոկոսով է կատարվել ջրամբարաշինությունը։ Այս կառավարությունն արդեն որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը»,– հայտարարեց Խաչատրյանը։
Ի պատասխան Վաչե Տերտերյանն ավելացրեց, որ մեր ջրամբարները հեղեղային են, այլ ոչ թե հոսքային, ու, ցավոք, այս տարի նաև եղանակային պայմանների պատճառով ջրամբարներում քիչ ջուր է ամբարվել։
Նշենք, որ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր արտահերթ նիստում դրական եզարակություն է տվել Սևանից լրացուցիչ ջրառը կատարելու նախագծին։
Հիշեցնենք, որ 2023 թ ապրիլի 21–ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կնքվել էր Կապսի ջրամբարի և օժանդակ կառուցվածքների ծրագրի շինարարության համաձայնագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 97,8 միլիոն եվրո է, որից 68,5 եվրոն վարկային միջոցներ են՝ ներգրավված KFW բանկից, մնացածը ՀՀ կառավարության համաֆինասավորումն է։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների և շուրջ 17 000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1,3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։