ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Այսօր առավոտյան անհայտ անձը Զաքյան փողոցի վրա գտնվող դեղատան աշխատակցուհուց դանակի սպառնալիքով պահանջել է դրամարկղում եղած գումարը, սակայն առանց գումար վերցնելու դիմել է փախուստի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը:
Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Ագաթանգեղոսի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում։
Ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք դանակը, գլխարկ և բժշկական դիմակ:
32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: