Հայաստանում բացվելու են հրթիռամոդելավորման դպրոցական խմբակներ

«Այբ» դպրոցի «Ֆաբլաբ» ինժեներական ակումբում. Արխիվային լուսանկար
Հրթիռամոդելային ասոցիացիան ավելի վաղ Հայաստանում տիեզերական սարքաշինության դպրոցական մրցույթ էր անցկացրել, հաղթողների մոդելն ուղարկվել էր տիեզերք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայաստանի հրթիռամոդելային ասոցիացիան պատրաստվում է ՀՀ-ում դպրոցական խմբակներ բացել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ասոցիացիայի հիմնադիր Հայկ Մարտիրոսյանը։
Ասոցիացիայի աջակցությամբ անցյալ տարի Հայաստանում արդեն տիեզերական սարքաշինության մրցույթ է անցկացվել դպրոցական թիմերի միջև: Մրցույթը նվիրված էր հայազգի ականավոր խորհրդային գիտնական և ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի` խորհրդային լուսնագնացներ և մարսագնացներ ստեղծողներից մեկի հիշատակին:
Մրցույթի հաղթողների (Երևանի «Այբ» մասնավոր դպրոցի թիմի) ստեղծած մոդուլը անցյալ տարվա նոյեմբերին տիեզերք է արձակվել հնդկական Skyroot Aerospace ընկերության հավաքած հրթիռով: Սարքը հասել է 125 կմ բարձրության (պայմանական գծից այն կողմ, որը մթնոլորտի և բաց տիեզերքի միջև սահմանն է համարվում):
Հայկ Մարտիրոսյան
Այն տվյալներ է հավաքել հրթիռի հետագծի, ջերմաստիճանի փոփոխության, հրթիռի ճնշման և արագության, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մասին:
«Հիմա ուզում ենք շարունակել տիեզերական տեխնոլոգիաների ուսումնական ծրագրերը։ Այս տարվա ընթացքում մենք կսկսենք խմբակներ բացել, որտեղ կսովորեցնենք տիեզերական թռչող սարքերի աշխատանքի հիմունքները։ Այստեղ էլ աշակերտները հրթիռների մոդելներ կկազմեն»,-նշեց Մարտիրոսյանը։
Առաջիկայում ասոցիացիան ավելի մանրամասն ուսումնական ծրագիր կներկայացնի այդ խմբակների համար:
«Այբ» դպրոցի «Ֆաբլաբ» ինժեներական ակումբի աշակերտների հավաքած սարքը
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և սփյուռքում գործում են մի քանի հարյուր դպրոցական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ աշակերտները արտադասարանական ծրագրով ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ են սովորում։
Խոշոր քաղաքներում բացվում են նաև նաև «Արմաթն օդում» լաբորատորիաներ, որտեղ ավագ դպրոցի աշակերտներին սովորեցնում են աերոդինամիկա և թռչող սարքերի հավաքում: Ծրագիրը ֆինանսավորում են Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների միությունը (UATE) և ՀՀ կառավարությունը: Հրթիռային տեխնիկայի նոր խմբակները առանձին նախագիծ է, որը կապված չէ «Արմաթի», սակայն սերտ համագործակցություն է նախատեսվում։