ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում ընթացող «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով և 5 մեդալ նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, Հայաստանի թիմը ներկայացել է չորս դպրոցական Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, երկուսը՝ «Քվանտ» վարժարանից:
«Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանն արժանացել են արծաթե, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահան Բաղդասարյանը և «Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանն (12-րդ դասարան) ու Աղասի Դարբինյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը՝ գովասանագրի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ), Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ) և Տիգրան Մարգարյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։
Էկրանին` Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները Հայաստանից
© Photo : official site of MESCS of RA
«Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։
Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 4 բրոնզե մեդալների։