ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան հավաքներ է կազմակերպում Ռուսաստանի Բեզենգիի (Կաբարդինո-Բալկարիա) ալպինիզմի կենտրոնական դպրոցում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։
«Այս տարին ֆեդերացիայի գործունեության պատմության մեջ եզակի էր, քանի որ առաջին անգամ պետության կողմից, ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ստացանք պետական աջակցություն, որի շնորհիվ անցկացրեցինք ժայռամագլցման ՀՀ առաջնություն և հիմա էլ թիմ ենք ճանապարհում ուսումնամարզական հավաքի ՌԴ Ալպինիզմի կենտրոնական դպրոց Բեզենգի», - ասաց Դանիելյանը։
Նա նշեց, որ երկար տարիների համառ պայքարն ի վերջո դրական արդյունք տվեց։ Նոր գիտելիքներով և փորձառությամբ վերադառնալով` թիմը կնպաստի Հայաստանում լեռնագնացության գրագետ զարգացմանը։ Այս շարունակական համագործակցությունը հույս է ներշնչում, որ մոտ ապագայում ՀՀ-ում կունենանք լեռնագնացության հրահանգիչներ:
Բեզենգին Մեծ Կովկասի լեռներում բարդ վերելքների մի քանի երթուղիներով տարածաշրջան է։ 4-5 հազար մետր բարձրությամբ լեռները, որոնք հայտնի են որպես Բեզենգյան պատ, Ռուսաստանի և Վրաստանի սահմանին են։