Գյումրին հրավիրում է համահայկական Վարդավառի

Վարդավառ Գյումրիում. արխիվային լուսանկար
Գյումրեցիները խոստանում են կրկին մեծ շուքով անցկացնել Վարդավառը, միայն թե այս տարի փոխվել է միջոցառման անցկացման վայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Համահայկական 8-րդ խաղերին ընդառաջ գյումրեցիները որոշել են համահայկական Վարդավառ անցկացնել։ Գյումրու համայնքապետարանը հուլիսի 16-ին` ժամը 13:00-ին, բոլոր ցանկացողներին հրավիրում է միջոցառման, միայն թե այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, այն անցկացվելու է Մայր Հայաստան հուշարձանի տարածքում։
«Էլի մեծ շուքով է լինելու, էլի ներգրավված են լինելու ջրցանները, միայն թե այս անգամ ոչ կենտրոնական հրապարակում, այլ Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում` կենտրոնում երթևեկությունը չխոչընդոտելու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։
Նրա խոսքով` միջոցառման համար համայնքային բյուջեից է գումար հատկացվել. մշակութային միջոցառումներից տնտեսված 900 հազար դրամը ուղղորդվել է Վարդավառի անցկացմանը։
Համայնքապետարանը հոգացել է նաև, որ միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեցողները քաղաքի երեք հատվածներից՝ «58», «Մուշ» թաղամասերից ու «Վարդանանց» հրապարակից, միկրոավտոբուսներով տեղափոխվեն հուշահամալիրի տարածք։
Հյուրերին ընդունել «գյումրիավայել». Համահայկական 8-րդ խաղերի բացումը Գյումրիում է լինելու